Ի՞նչ է տեղի ունեցել։
Դուք ցանկանու՞մ եք ավտոմեքենա գնել, որոշել եք ձեռք բերել այն Ճապոնիայի՞ց և անձամբ Հայաստան ներկրել, սակայն չգիտեք, ինչից սկսել և ինչպես է պետք ճիշտ իրականացնել ներմուծման գործընթացը։
Ինչո՞ւ արժե ավտոմեքենան գնել Ճապոնիայից։
Թեև Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելք է գործում, Ճապոնիայից ավտոմեքենաների գնումը հնարավոր է և հարմար մաքսազերծման ընթացակարգի տեսանկյունից։
Նախ` աջ ղեկ ունեցող ավտոմեքենաներից բացի, Ճապոնիայում նաև ձախ ղեկով ավտոմեքենաներ կան, որոնք կարելի է անխոչընդոտ Հայաստան ներմուծել:
Երկրորդը` Ճապոնիայից ներմուծելու դեպքում ավելի հեշտ է մաքսային մարմիններին ապացուցել հաշիվ ապրանքագրում նշված արժեքի իսկությունը։
Երրորդը` փորձագետների կարծիքով, օգտագործված ավտոմեքենաների որակն ու վիճակը հաճախ Ճապոնիայում ավելի լավն է, քան մյուս երկրներում։
Որպես կանոն, ավտոմեքենաները Ճապոնիայից նավով ուղարկվում են Վրաստանի Փոթի քաղաքի նավահանգիստ։
Ավտոմեքենան նավահանգիստ հասնելուն պես դուք պետք է լինեք Փոթիում և մաքսային ձևակերպումներն անեք. ձևակերպվում է տարանցումը, տարանցիկ համարանիշներ են տրամադրվում։ Դրանից հետո արդեն կարելի է Հայաստան գնալ։
Հայաստանի սահմանին անհրաժեշտ է տարանցման հայտարարագիր ձևակերպել, որը կկազմի և կձևակերպի մաքսային ծառայության աշխատակիցը։ Ձևակերպման ժամանակ անհրաժեշտ է ավտոմեքենայի հաշիվ ապրանքագիրը տալ մաքսային ծառայության աշխատակցին, այն կնքելու համար (այս ընթացակարգը սահմանված է ՀՀ մաքսային օրենսդրությամբ)։
Դրանից հետո ավտոմեքենան կարելի է Հայաստանի տարածք մտցնել։
Ավտոմեքենան Հայաստան ներմուծելուց հետո, այն մաքսազերծելու համար անհրաժեշտ է 10 օրվա ընթացքում ավտոմեքենայով ներկայանալ տարածքային մաքսային մարմին։ Անհրաժեշտ է ունենալ անձնագիր, սոցիալական քարտ և ավտոմեքենայի բոլոր ուղեկցող փաստաթղթերը (ավտոմեքենայի համար հաշիվ ապրանքագրում նշված գումարի բանկային վճարման կտրոնը, հաշիվ ապրանքագիրը, տարանցման հայտարարագիրը և մյուս փաստաթղթերը, որոնք տրվել են մաքսային մարմնի կողմից Հայաստան մուտք գործելիս)։
Մաքսակետ հասնելուն պես դուք պետք է մի շարք ստուգումներ անցնեք, մասնավորապես՝ ավտոմեքենայի VIN–համարի համապատասխանության. ստուգվում է նաև ածխաթթու գազի արտանետումների մակարդակը և Ինտերպոլի գծով ավտոմեքենայի «մաքուր» լինելը, բացառելու համար այն, որ ավտոմեքենան գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի մաքսային ձևակերպում անցնել։

Հիմնական խնդիրը, որին հաճախ բախվում են քաղաքացիները, ավտոմեքենայի ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից հաշիվ ապրանքագրում նշված ավտոմեքենայի արժեքի հետ չհամաձայնելն է։ Սովորաբար, մաքսային մարմիններն իրենց անհամաձայնությունը հիմնավորում են նրանով, որ ավտոմեքենայի արժեքը զգալի ցածր է Ճապոնիայում վաճառվող նման ավտոմեքենաների արժեքից։ Հարկ է նշել, որ հաճախ նման պնդումներն անհիմն են։ Ձեր ներկայացրած հաշիվ ապրանքագրի հետ անհամաձայնության դեպքում, մաքսային մարմինն իրավունք ունի որոշելու ավտոմեքենայի մաքսային արժեքը։

Եթե նման խնդրի առաջ եք կանգնել, մի քանի ելք կա իրավիճակից։

Նախ` կարելի է փորձել ապացուցել, որ հաշիվ ապրանքագրում նշված ձեր ավտոմեքենայի արժեքը, հավաստի է` ցույց տալով ավտոմեքենայի գնման կայքից արված սքրինշոթը։
Կարելի է նաև նույնանման արժեքով նման մի քանի ավտոմեքենա ցույց տալ։
Եթե արժեքն ապացուցելու փորձերն անհաջողության են մատնվել, կարելի է մերժման մասին եզրակացություն պահանջել, որը մաքսային մարմինը ձեր պահանջով պարտավոր է ներկայացնել։ Մերժման մասին եզրակացություն ստանալուց հետո, դուք իրավունք ունեք 10 օրվա ընթացքում բողոքարկել այն ՀՀ ՊԵԿ–ում։
Անհրաժեշտ է նշել, որ ավտոմեքենան բողոքարկման ողջ գործընթացի ընթացքում գտնվելու է մաքսային պահեստում և դուք հնարավորություն չեք ունենալու օգտագործել այն։
Երկրորդ տարբերակը` ավտոմեքենան մաքսային մարմնի սահմանած արժեքով մաքսազերծելն է, և դրանից հետո բողոքարկելը մաքսային մարմնի գործողությունները ՀՀ ՊԵԿ–ում։ ՀՀ «Մաքսային ծառայության մասին» օրենքի համաձայն` բողոքարկման համար տրվում է մեկ ամիս` մաքսային մարմնի կողմից բողոքարկման գործողությունները սկսելու պահից։ Այդ դեպքում ավտոմեքենան ձեզ մոտ կգտնվի։ Ավտոմեքենայի մաքսային արժեքը բողոքարկելու համար կարող եք դիմել իրավաբանի, որը մասնագիտացած է ավելի մաքսային վճարումների բողոքարկման և վերադարձի հարցում։

Խմբագիր՝ Ռուբեն Աբրահամյան Դիզայներ՝ Շուշանիկ Սարգսյան Աղբյուր՝ iravaban24.am