Կուսակցությունների
իրավունքները եվ
պարտականությունները
նախընտրական քարոզչության
ընթացքում
Ի՞նչ է նախընտրական քարոզչությունը
Նախընտրական քարոզչության համար սահմանվում է ժամանակահատված, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, թեկնածուների համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` ընտրական օրենսգրքով սահմանված կանոններ:
Նախընտրական քարոզչության կարևոր և ամենաակտիվ մասնակիցները կուսակցություններն ու դաշինքներն են:

ՀՀ ընտրությունները կազմակերպվում են հրապարակայնության սկզբունքով: Նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունների իրավունքներն ու պարտականությունները հստակ սահմանվում են ՀՀ ընտրական օրենսգրքով:
Ի՞նչ ժամկետներում է իրականացվում նախընտրական քարոզչությունը
Նախընտրական քարոզչությունը սկսվում է թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Մինչ այս ժամանակահատվածը կուսակցությունները, քաղաքական ուժերն ազատ են իրականացնել քարոզչություն, դա չի համարվում նախընտրական:
Քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով քարոզչությունն արգելվում է:

Նախընտրական քարոզչության սկզբնական փուլը կուսակցությունների կողմից իրենց նախընտրական ծրագրերի ներկայացումն է:
Ի՞նչ սկզբունքներով է իրականացվում նախընտրական քարոզչությունը
Նախընտրական քարոզչությունն իրականացվում է ազատ:

Նախընտրական քարոզչության ազատ իրականացման ձևերն են՝ նախընտրական ժողովներ, թեկնածուների հետ ընտրողների հանդիպումներ, ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ։

Թեկնածուների հետ ընտրողների հանդիպումները կազմակերպելու համար պետական և տեղական մարմինները տրամադրում են դահլիճներ և շինություններ` անվճար հիմունքներով:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները տրամադրվում են միայն ժամը 18.00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին և միայն այն դեպքերում, եթե տվյալ համայնքում (Երևանի վարչական շրջանում) գոյություն չունեն նախընտրական քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ։
Ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորվել ընտրական շտաբներ։
Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել՝
պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրական շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք),
հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերում,
այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները։
Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները չպետք է գերազանցեն 6 քառակուսի մետրը, չպետք է ներառեն թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, չպետք է գերազանցեն ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը։ Հակառակ դեպքում դրանք համարվում են քարոզչական տպագիր նյութեր:
Ի՞նչն է արգելված նախընտրական քարոզչության ընթացքում
Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:
Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների, թեկնածուների անուններին նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները:
Ո՞վ է վերահսկում նախընտրական քարոզչության խախտումները
Նախընտրական քարոզչության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը Ընտրական հանձնաժողովն է, որը խախտումներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններին կամ կիրառում նախազգուշացում` տալով խախտումը վերացնելու համար 3 օրը չգերազանցող ողջամիտ ժամկետ։


Էական, շարունակական, ընտրությունների ելքի վրա հնարավոր ազդեցություն ունեցող խախտումների դեպքում կարող են դիմել դատարան` ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։
Դիզայներ՝ Շուշանիկ Սարգսյան Աղբյուր՝ iravaban24.am