Սպիտակի Երկրաշարժը.
1988 թվական

__________________________________

1988թ–ի դեկտեմբերի 7–ին, առավոտյան 11։47–ին Հայաստանի հյուսիս–արևմուտքում տեղի է ունեցել ժամանակի ամենաաղետալի երկրաշարժերից մեկը, որի հետևանքով Սպիտակ քաղաքը 30 վայրկյանում գրեթե հիմնովին ավերվել է։

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ–ի դեկտեմբերի 7–ին, առավոտյան 11։47–ին Հայաստանի հյուսիս–արևմուտքում։ Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ։ Աղետի էպիկենտրոնում հայտնված Սպիտակ քաղաքը 30 վայրկյանում գրեթե հիմնովին ավերվել է։

Պաշտոնական տվյալներով` մահացել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամություն է ձեռք բերել, 500 հազարն` անօթևան մնացել:

Երկրաշարժի հետևանքները
1

ՓԱՍՏԵՐ

Սպիտակում երկրաշարժի հզորությունը կազմել է 10 բալ (12–բալանոց համակարգով), Լենինանականում` 9 բալ, Կիրովականում` 8 բալ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորության վրա` Սպիտակ քաղաքից վեց կիլոմետր դեպի հյուսիս–արևմուտք։




Երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ ավերվել է Սպիտակ քաղաքը (շուրջ 17 հազար բնակչություն), 58 գյուղ, 80 տոկոսով ավերվել է Լենինականը (այժմ Գյումրի), մասամբ ավերվել են Ստեփանավանը, Կիրովականը (այժմ Վանաձոր) և ավելի քան 300 բնակավայր:
Երկրաշարժն ընդհանուր առմամբ ընդգրկել է Հայաստանի տարածքի շուրջ 40 տոկոսը։ Աղետի գոտում է հայտնվել 970 000 մարդ։ Վտանգի պատճառով դադարեցվել է ատոմակայանի գործունեությունը։






Երկրաշարժի գոտում շարքից դուրս էին եկել ջերմամատակարարման, էներգամատակարարման բոլոր համակարգերը, կապի, տրանսպորտի և կենցաղսպասարկման ծառայությունները։ Ավերվել կամ վթարային էին դարձել մի շարք դպրոցներ ու մանկապարտեզներ, առողջապահության 416 օբյեկտ, 2 թատրոն, 14 թանգարան, 391 գրադարան, 42 կինոթատրոն, 349 ակումբ և մշակույթի տներ։ Շարքից դուրս էր եկել ավտոճանապարհների 600 կմ հատված, երկաթուղու 10 կմ հատված, ամբողջությամբ կամ մասամբ ավերվել էր արդյունաբերական 230 ձեռնարկություն։
Ամբողջությամբ կամ մասամբ ավերվել էին մեքենաշինական, քիմիական, թեթև և սննդի արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ` տարեկան շուրջ 2 մլրդ ռուբլի համախառն արտադրանքով։ Հանրապետության տարածքի 1/3–ի արտադրական և սոցիալական ենթակառուցվածքը դադարել էր գործել։ Անմիջական նյութական վնասը գնահատվել էր 10 մլրդ ռուբլի (1988թ–ին)։
2

ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ

Երկրաշարժի հետևանքները
Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյան
Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի (1988-1990թթ.) հիշողություններից.

«Հիշում եմ 1988թ–ի դեկտեմբերի 7–ի Լենինականը։ Գիշերը քաղաքում խարույկներ էին վառվում, որոնց արնակարմիր լույսի տակ ուրվագծվում էին տղամարդկանց և կանանց, երեխաների և ծերերի պատկերները` ծածկոցների մեջ փաթաթված։

Յուրաքանչյուր ավերված տան մոտ խումբ–խումբ մարդիկ էին կանգնած. Նրանց դեմքին սպասում էր դրոշված։ Վիշտն ու հույսը միախառնվել էին։

Այդ պահին միակ նպատակը մարդկային կյանք փրկելն էր, իսկ եթե ճակատագիրն այլ կերպ էր տնօրինում, ապա` նախնիների ավանդույթներով հողին հանձնելը...».
Հանգամանքների, թե ճակատագրի բերումով 1988թ–ին Հայաստանում ձմեռը սարսափելի ցուրտ էր (-35 աստիճան)։ Երկրաշարժից փրկվածների գլխին մահվան սպառնալիք էր ճոճվում, քանի որ ցրտից թաքնվելու ոչ մի տեղ չունեին:
Ուժերի ներածին չափով բժշկական օգնություն ցուցաբերվեց շուրջ 17 000 մարդու, նրանցից ավելի քան 12 000–ը հոսպիտալացվեց։ Ուժերի ներածին չափով, որովհետև աղետը չէր գթացել նաև բժիշկներին, բուժանձնակազմին` հողին հավասարեցնելով բժշկական հաստատությունները։
Жертвы землетрясения в Спитаке
Հենց առաջին օրերին պարզ դարձավ, որ ստեղծված իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։

Շրջանի հիվանդանոցների մեծամասնությունն ավերվել էր, տեղի բժիշկների մի մասը զոհվել էր կամ տուժել, վնասվել էին էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման համակարգերը։

Տեղի իշխանությունները պատրաստ չէին նման լայնամասշտաբ աղետի։
3

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ԽՄԿԿ ԿԿ քարտուղար գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը, որն այդ պահին գտնվում էր ԱՄՆ–ում, դադարեցրեց իր այցն ու ժամանեց Հայաստանի ավերված շրջաններ:
ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը աղետի գոտում
Աղետի հետևանքները վերացնելու հարցերով զբաղվող հանձնաժողովը գլխավորում էր ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, որը հետագայում «Հայաստանի Ազգային հերոսի» կոչում ստացավ։

Մի քանի օրվա ընթացքում Հայաստանում տեղադրվեց 50 հազար վրան և 200 դաշտային խոհանոց։
«Սարսափելի տեսարան էր։ Մոխրագույն ավերակների կույտեր, դրանց ֆոնին` կարմիր և սև դագաղներ, որոնց մեջ մանկական դագաղներ կային։ Այդ ամենի կողքին վեր էր հառնում ավերածությունից փրկված եկեղեցին»։
Օլգա Մեդվեդևա
Բելառուսի «Զվյազդա» թերթի խմբագիր
Փրկարարներն օգնում են տուժածներին դուրս գալ փլատակների տակից
Կամավորներից բացի, փրկարարական աշխատանքներին մասնակցեց ավելի քան 20 հազար զինվոր ու սպա, փլակատները մաքրելու գործում ներգրավվեց ավելի քան 3 հազար միավոր ռազմական տեխնիկա։ Ամբողջ երկրում մարդասիրական օգնության հավաք կազմակերպվեց։

Ավերված շրջանների վերականգնմանը մասնակցեցին ԽՍՀՄ–ի բոլոր հանրապետությունները։ 111 երկիր, ներառյալ` Բելգիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լիբանանը, Նորվեգիան, Ֆրանսիան, ԳԴՀ–ն և Շվեյցարիան, օգնություն ցուցաբերեցին ԽՍՀՄ–ին` տրամադրելով փրկարարական սարքավորումներ, մասնագետներ, սննդամթերք և դեղորայք։ Օգնեցին նաև վերականգնողական աշխատանքներում։

Օգնություն առաքելու ճանապարհին կործանվեցին հարավսլավական և խորհրդային ինքնաթիռները։ Խորհրդային ինքնաթիռը Իլ-76 էր` ռազմատրանսպորտային ավիացիայի գնդից, որը թռիչք էր կատարել Ադրբեջանից։ Ինքնաթիռը կորցրել էր կառավարումը և բախվել լեռանը։
«Շտապօգնությունը կռունկավարներից մեկին տարավ հոգեբուժարան։ Նա դպրոցում աշխատելիս բարձրացրել էր փլատակները, որոնց տակ մի ամբողջ դասարան էր եղել։ Փրկարարի աշխատանքը ամուր նյարդեր և կայուն հոգեվիճակ էր պահանջում, բայց մենք բոլորս կենդանի մարդիկ ենք։ Մեզ մոտ նույնպես խնդիրներ ծագեցին։ Տղաներն աշխատանքից հետո չէին կարողանում լիարժեք հանգստանալ, մղձավանջներ էին տեսնում երազում, մերթ մեկը, մերթ մյուսը վեր էր թռչում` ինչ–որ բան ճչալով»։
Իվան Դուշարին
Փրկարարական խմբերից մեկի ղեկավար
4

ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

Պաշտոնական տվյալներով` մահացել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամություն է ձեռք բերել, 500 հազարն` անօթևան մնացել։
«Երբ լսեցի հարևանների բղավոցները, վազեցի ննջասենյակ։ Երեխային վերցրի բարուրից և վազեցի խոհանոց` ավագ որդուս հետևից։ Ցնցումներն այնքան ուժգին էին, որ գրեթե հնարավոր չէր ոտքի վրա մնալ։ Այսուայն կողմ էի շպրտվում, ասես նավի վրա լինեի։ Ամբողջ շենքը ցնցվում էր, իսկ վերևից մեծ ու սև քարեր էին թափվում։ Մի քանիսն ընկան գլխիս։ Եթե փոքրիկս գրկումս չլիներ, իսկ ավագ որդիս` կողքիս, որին ես գրեթե քարշ էի տալիս հետևիցս, երևի հարվածից գիտակցությունս կորցնեի։ Բայց ստիպված էի ոտքի վրա մնալ»։
Անահիտ Հալաջյան
Կիրովականի բնակչուհի (ներկայիս՝ Վանաձոր)
Шарль Азнавур в городе Спитак
1988թ–ի երկրաշարժից հետո Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը Փարիզում ստեղծեց աղետից տուժածների օգնության հիմնադրամ, որը կոչվեց «Ազնավուրը` Հայաստանի համար»։ 1993թ–ին Երևանում բացվեց այդ կազմակերպության ներկայացուցչությունը։

1988թ–ից ի վեր Ազնավուրը բազմաթիվ անգամ է Հայաստան այցելել, կազմակերպել նվիրատվությունների հավաք, բարեգործական համերգներ և այլն։
1989թ–ին Շառլ Ազնավուրը հայազգի ռեժիսոր Անրի Վեռնոյի հետ կոչ արեց Ֆրանսիայի արվեստի գործիչներին համատեղ վավերագրական տեսահոլովակ նկարահանել։ Ձայնագրմանը մասնակցեց 90 երգիչ ու դերասան։ Երգը կոչվեց «Քեզ համար, Հայաստան» և յուրահատուկ օրհներգ դարձավ հայ ժողովրդի համար։
5

ՀԻՇԱՏԱԿ

Հուշադրամ


1988թ–ի դեկտեմբերի 7–ի Սպիտակի երկրաշարժից հետո ԽՍՀՄ–ում թողարկվեց 3 ռուբլի արժողությամբ հուշադրամ` նվիրված Հայաստանին ցուցաբերած համաժողովրդական օգնությանը։
2008թ–ի դեկտեմբերի 7–ին Գյումրիի կենտրոնում բացվեց հուշակոթող` նվիրված 1988թ–ի ողբերգական իրադարձություններին։ Հուշակոթողը կոչվեց «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին»։
Памятник "Жертвам безвинным, сердцам милосердным"
2015թ–ին Սպիտակում տեղադրվեց մեկ այլ հուշարձան ու կոչվեց «Հուշարձան խորհրդային զինվորներին»։ Այն նվիրված էր 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած զինվորներին։ Հուշարձանի պատրաստման համար նախատեսված միջոցները հավաքվել էին Ռուսաստանի տարբեր քաղաքներում։

3,5 մետր բարձրությամբ բրոնզե քանդակը խորհրդանշում է խորհրդային զինվորին` երեխան գրկում, քանի որ երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում հատուկ դեր է խաղացել Խորհրդային բանակը, որը փլատակների տակից դուրս է բերել բնակիչներին։

«Մինչև հիմա էլ Հայաստանը չի կարողացել «ուշքի գալ» բնական աղետից։ Աղետի հետքերն այսօր էլ են երևում։ Այդ ողբերգությունը ցնցել էր ամբողջ աշխարհը։ Արտասահմանյան երկրներն ու միութենական հանրապետությունները Հայաստան էին ուղարկել մեծ թվով շինարարների ու տեխնիկա։ Մեծ հայրենիքի բոլոր անկյուններից մեկնել էին կամավորներ` տուժած ընտանիքներին օգնելու համար։ Հիշելով զոհերին` ցանկանում եմ հիշել և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անմասն չեն մնացել այդ աղետին... Մահվան նկատմամբ կյանքի հաղթանակը խորհրդանշող այս հուշարձանը մեզ ապագայի հույս է ներշնչում», – ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հուշարձանի բացման ժամանակ։

Հուշարձան խորհրդային զինվորներին
6

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Իտալացի շինարարները Սպիտակ քաղաքից ոչ հեռու բնակելի թաղամաս են կառուցում
ԽՍՀՄ–ի փլուզումից հետո երկրաշարժից տուժած բնակավայրերը վերականգնելու ծրագրերի մեծ մասն այդպես էլ մնաց թղթի վրա։

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի տվյալով` 1989-2008թ–ին խորհրդային, պետական և միջազգային կազմակերպությունների շնորհիվ մոտավորապես 60 հազար մարդու բնակարանային հարց է լուծվել։

2008թ–ին մեկնարկեց աղետի գոտում անօթևան ընտանիքներին աջակցելու պետական ծրագիրը։ Ծրագրի շահառու դարձավ 5381 ընտանիք։ 2016թ–ի նոյեմբերի դրությամբ, այդ ցուցակից 4728 ընտանիք է բնակարան ստացել։
Եվս 100 ընտանիքի բնակարանային հարցը պետք է լուծվի 2017թ–ի բյուջեի հաշվին։ Երկրաշարժի հետևանքով տուժած մարդկանց բնակարանային հարցը նախատեսվում է վերջնականորեն լուծել մինչև 2018թ–ը։
1988թ. երկրաշարժ. բացառիկ կադրեր