Գեղարքունիքի մարզում, ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա գտնվող Սևանա լիճը Հայաստանի գոհարներից ու խորհրդանիշներից մեկն է: Կապուտաչյա գեղեցկուհին ներառվել է Եվրոպայի ամենագեղեցիկ ու մատչելի վայրերի ցանկում:
Սևանը պահպանում է ափին ու լճի քաղցրահամ ջրի խորքում թաքնված գաղտնիքները:
Հայ պատմագրության մեջ այն կոչվել է ոչ թե լիճ, այլ ծով։ «Գեղամա ծով» անվանումը հանդիպում է Մովսես Խորենացու, Հովհաննես Դրախստանակերտցու, Կիրակոս Գանձակեցու և այլ պատմիչների աշխատություններում:
Հայկական «ծովի» ափին կանգնած է «Կիլիկիա» առագաստանավը, որը 15 տարի առաջ կրկնեց 13-րդ դարի վաճառականների երթուղին: Զբոսաշրջիկները կարող են շրջել 13-րդ դարի հայկական առևտրային նավերի կրկնօրինակով կառուցված առագաստանավում։
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է մ.թ.ա. 9-6-րդ դարերով։ Այն թույլ է տալիս եզրակացնել, որ անվանումը կարող է ուրարտերեն լինել. սունիա նշանակում է «լիճ»։
Սևանի ազգային պարկի տարածքում ավելի քան 50 պատմամշակութային հուշարձան կա, որոնց թվում են Լճաշենի հնագույն դամբարանները՝ ուրարտական թագավոր Արգիշտի I-ի սեպագիր արձանագրություններով։
ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Ուրարտական արձանագրությունները հայտնաբերվել են Սաթենա քաղաքի փլատակների վրա։ Հնագետները պնդում են, որ այս քաղաքն ավելի քան հինգ հազար տարվա պատմություն ունի։ Պեղումների ժամանակ պարսկերենով, իսլամական ու բաբելոնյան լեզուներով գրված սեպագիր արձանագրություններ են հայտնաբերվել։
ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Բերդկունքի փլատակները գտնվում են Սևանա լճի արևելյան ափին։ Բերդը կառուցվել է մ.թ.ա. I կամ II հազարամյակներում։ Ստորջրյա նկարահանումների ժամանակ հայտնաբերվել է բերդից դեպի ջուր տանող ենթադրյալ գաղտնի ելքը:
ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՍԵՎԱՆ
Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակի օրը Հայաստանում նշում են Սևանա լճի օրը:
Հայկական «ծովի» ափին հանգիստն անցկացնելու համար զբոսաշրջային բազմազան երթուղիներ կան։
Օրինակ՝ կարելի է հաղթահարել Աժդահակ լեռն ու գագաթից վայելել Սևանա լճի, Արագածի ու Արարատի հիասքանչ տեսարանները։
Գեղատեսիլ թերակղզու հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված է Սևանավանքը, փոքր-ինչ հեռու՝ Հայրավանքը, որը կառուցվել է VIII դարում:
Սևանա լճի մոտ է գտնվում նաև Նորատուս գյուղը՝ հնագույն մի բնակավայր, որտեղ պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։ Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ, քանի որ այստեղ տարբեր դարաշրջանների պատկանող ավելի քան 900 քանդակ կա:
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՍԵՎԱՆ
Սևան կարելի է մեկնել ոչ միայն ընտանեկան խաղաղ ու հարմարավետ հանգիստ անցկացնելու, այլև պարապլանով թռիչք կատարելու, նավակներով շրջելու ու էքստրեմալ զիփլայնից ադրենալինի բավարար լիցքեր ստանալու համար։
Սևան այցելելիս չմոռանաք համտեսել իշխանով, սիգով ու խեցգետնով պատրաստված համեղ ուտեստները։ Ափամերձ ռեստորանների ու սրճարանների խոհարարները պատրաստ են զարմացնել իրենց հմտություններով։
ՁՄԵՌԱՅԻՆ ՍԵՎԱՆ
Կապուտաչյա Սևանն իր գեղեցկությունը չի կորցնում նաև ձմռանը։ Տարվա այդ եղանակին կարելի է հանգիստն անցկացնել պանսիոնատներում, հանգստյան տներում ու հյուրանոցներում, վայելել ափերին բախվող ալիքների ու ձյունածածկ լեռների տեսարանը։