Ինչպես կարելի է
ՀՀ տարածքում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ

Ինչ պահանջների պետք է բավարարի ՀՀ քաղաքացին, որպեսզի Հայաստանում գտնվող ՌԴ հյուպատոսությունում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մասին դիմում ներկայացնի։
Ենթադրենք, Դուք ՀՀ քաղաքացի լինելով, ցանկանում եք Ռուսաստանի քաղաքացի դառնալ։
Հայաստանում Ռուսաստանի հյուպատոսություն` քաղաքացիություն ստանալու մասին դիմում կարող են ներկայացնել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, որոնք Ռուսաստանի տարածքում բնակվող (մշտական գրանցում ունեցող) գոնե մեկ ՌԴ քաղաքացի ծնող ունեն։
Կարևոր է հաշվի առնել, որ դիմումը ներկայացնելիս անձը պետք է հրաժարվի իր ունեցած այլ քաղաքացիությունից (տվյալ դեպքում՝ ՀՀ քաղաքացիությունից)։

Դիմումը ներկայացնելու ընթացակարգը
Սկզբում պետք է գրանցվել Հայաստանում ՌԴ հյուպատոսական գրասենյակ մտնելու համար (www.q.midpass.ru կայքում ստանաք էլեկտրոնային հերթի կտրոնը)։

Նշված օրը պետք է նախապես գալ հյուպատոսություն (15 րոպե շուտ)` ունենալով փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթ, որպեսզի ստուգվի դրանց համապատասխանելիությունը։

Ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
1
դիմողի անձը հաստատող փաստաթուղթ
2
դիմումը ներկայացնողի քաղաքացիությունը և Հայաստանում նրա բնակության վայրը հաստատող փաստաթղթեր
3
համապատասխան ձևի բլանկի վրա 2 օրինակից կազմված դիմում
4
դիմողի` 3х4–ի վրա 3 գունավոր լուսանկար փայլ չունեցող թղթի վրա
5
փաստաթուղթ, որը հաստատում է օրինական եկամուտ ունենալու փաստը, օրինակ, ֆիզիկական անձի եկամուտների մասին տեղեկանք, տեղեկանք աշխատավայրից և այլն
6
փաստաթուղթ, որը հաստատում է, որ դիմողը տիրապետում է ռուսաց լեզվին

ա. փաստաթուղթ կրթության մասին / ոչ ցածր հիմնական ընդհանուր կրթությունից/, որը տրամադրել է մինչև 01.09.1991 կրթական գործունեություն իրականացնող կազմակերպությունը, ԽՍՀՄ կազմում գտնվող պետության տարածքում, կամ 01.09.1991 թվականից հետո` Ռուսաստանի տարածքում։

բ. ռուսաց լեզվի պետական թեստավորում անցնելու մասին սերտիֆիկատ

չի պահանջվում 65 տարին լրացած տղամարդկանցից և 60 տարին լրացած կանանցից, անգործունակ անձանցից և I կարգի հաշմանդամներից։
7
դիմողի ծննդյան վկայական
8
ՌԴ քաղաքացիություն ունեցող և այդ երկրի տարածքում բնակվող ծնողի անձնագիր կամ ՌԴ ՆԳՆ տարածքային մարմնի պաշտոնյա անձի կողմից հաստատված անձնագրի պատճեն:
Դիմումը կազմվում է ռուսերենով։ Դիմումի հետ ներկայացվող ոչ ռուսերենով գրված բոլոր փաստաթղթերը պետք է թարգմանվեն ռուսերեն և հաստատվեն նոտարի կողմից։

Փաստաթղթերի փաթեթը կարելի է հավաքել անձամբ կամ դիմել մասնագետի, որը կօգնի Ձեզ ճիշտ լրացնել դիմումը և չսխալվել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստելիս։
Փաստաթղթերի համապատասխանելիությունը ստուգելուց հետո, հյուպատոսական գրասենյակի աշխատակիցը փաստաթուղթ է տրամադրում, որով Դուք պետք է այցելեք ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` Ձեր առկա քաղաքացիությունից պաշտոնապես հրաժարվելը ձևակերպելու համար։
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին Ձեր դիմումի ներկայացման մասին տեղեկությունը ստանալուց հետո, ՌԴ հյուպատոսական գրասենյակը կապ կհաստատի Ձեզ հետ և օր ու ժամ կնշանակի փաստաթղթերը ներկայացնելու համար։ Փաստաթղթերը ներկայացնելիս անհրաժեշտ կլինի վճարել 37440 դրամ հյուպատոսական վճար։
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելուց հետո մնում է սպասել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին տեղեկությանը։

Գործընթացի տևողությունը
Հայաստանում ՌԴ հյուպատոսությունում ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը միջինում 10-12 ամիս է տևում։
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն դիմելու ժամանակահատվածը ներառող նախապատրաստական փուլը, կարող է 1-6 ամիս տևել։
Ձեր դիմումը ռուսական կողմում ուսումնասիրելու բուն գործընթացը 6 ամիս է տևում` փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու պահից։
Ռուսաստանի քաղաքացու անձնագիր կարելի է ստանալ ՌԴ քաղաքացիություն ստանալուց հետո 1-3 ամիս ժամկետում։

Հատկանշական է, որ նույն հիմունքներով Ռուսաստանի տարածքում քաղաքացիություն ձևակերպելու համար Ձեզանից ավելի շատ ժամանակ կպահանջվի։ Ընդհանուր առմամբ պարզեցված ձևով Ռուսաստանում քաղաքացիություն ստանալու գործընթացը մոտ 2.5 տարի է կազմում։

Խմբագիր՝ Ռուբեն Աբրահամյան Դիզայներ՝ Շուշանիկ Սարգսյան Աղբյուր՝ iravaban24.am