ԱՐՅՈՒՆՈՏ ԱՊՐԻԼԸ
Արցախ. ապրիլ 2016...


Տագնապալի լուրեր Ստեփանակերտից

Ապրիլի 2, օրը՝ շաբաթ: Թվում էր՝ սովորական հանգստյան օրեր են առջևում, բայց առավոտը մթագնեց Արցախից ստացած լուրերից: Սովորական հրաձգություն կամ կրակոցներ չէին: Պատերա՞զմ էր:

Վերհիշում է Դավիթ Գալստյանը
Sputnik Արմենիայի թղթակից
Sputnik Արմենիան Ստեփանակերտից ստացավ առաջին կադրերը, որոնք ցրվեցին աշխարհով մեկ: Շատերի համար Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մասին լուրը հայտնի դարձավ հենց այդ կադրերից՝ Ստեփանակերտի փողոցներով ռազմական տեխնիկա էր շարժվում…
Լուսանկարներ Ստեփանակերտի հիվանդանոցից
Ի՞նչ էր կատարվում Արցախում

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ էր սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ: Թշնամու զրահատեխնիկայի և հետևազորի առաջխաղացումն ուղեկցվում էր հրետանային կրակոցներով:

Թիրախում էին հայտնվել ոչ միայն արցախյան բանակի դիրքերը, այլև հայկական ուժերի թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Առաջին զոհերից մեկը 12 տարեկան երեխա էր: Եվս երեք տղաներ (այդ թվում նաև զոհվածի եղբայրը) վիրավորվել էին Մարտունու դպրոցի մոտ պայթած «Գրադ» կայանքի արկերի բեկորներից:
Sputnik Արմենիայի թղթակիցներն Արցախ հասնելուն պես ուղևորվեցին Մարտունի: Մթության մեջ դպրոցը սովորական տեսք ուներ, իսկ իրական պատկերը բոլորովին այլ էր: Պատերի մեջ՝ բեկորների հետքեր, ամենուրեք փշրված ապակիներ, շենքի դիմաց՝ «Գրադի» արկերից առաջացած փոսեր:
Ստեփանակերտի հիվանդանոցում մենք հանդիպեցինք վիրավոր երեխաներին, բժիշկները մեզ վստահեցրին, որ նրանք լիովին կապաքինվեն:
Այս անասելի ողբերգությունը քառօրյա պատերազմի սկիզբն էր
ԱՊՐԻԼ 02.04.16 - 05.04.16
Մարտերն ընթանում էին շփման գծի ողջ երկայնքով, սակայն Ադրբեջանը նախահարձակ գործողությունները հիմնականում իրականացնում էր Արցախի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում՝ Մարտակերտի և Հադրութի շրջաններում: Մարտակերտ այցելեցինք մի քանի անգամ, տեսարանը չէր փոխվում՝ զինվորներ տեղափոխող բեռնատարեր, շտապօգնության մեքենաներ, հատուկենտ խաղաղ բնակիչներ:
ՄԱՐՏԱԿԵՐՏԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Մեր ուղևորությունն ուղեկցվում էր հայկական թնդանոթների կրակոցներով և ադրբեջանական արկերի պայթյուններով: Երևում էինք պաշտպանական մարտեր իրականացնող հրետանու հաշվարկներն ու «Գրադ» համակարգերը:
Փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանն այդ ուղղություններով զորքի հաջող և նշանակալի առաջխաղացում ունենալու դեպքում (ինչը պետք է շեղեր ղարաբաղյան բանակի հիմնական ուժերին) մտադիր էր Աղդամի ուղղությամբ լայնածավալ հարվածներ հասցնել Արցախի կենտրոնին:
Ադրբեջանցիները չկարողացան ամրապնդել նախնական հաջողությունը...
Նրանք կորցրին իրենց գրաված դիրքերի մեծ մասը, այդ թվում՝ ամենից շատ տուժած Թալիշ գյուղը (որտեղ ադրբեջանցիները գազանաբար սպանել էին երեք խաղաղ բնակչի):
Ադրբեջանական բանակի կորուստները թույլ չտվեցին Բաքվին շարունակել նախահարձակ գործողությունները:
Ադրբեջանական խոցված ՄԻ 24 ուղղաթիռը
Ռազմական բժիշկներից մեկի հետ զրույցի ընթացքում իմացանք, որ առաջին երկու օրվա ընթացքում վիրավորների մեծ մասը հրազենային վնասվածքներ էին ստացել, հետո արդեն՝ բեկորային:
Ադրբեջանը գործի դրեց զինանոցի մեծ մասը
Ադրբեջանն անցավ լայնածավալ գործողությունների: Գործի դրեց խոշոր տրամաչափի տարբեր զինատեսակներ՝ ականանետներ, հրետանի, «Գրադ» ռեակտիվ համակարգ ու տանկեր: Մարտական անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ) ամրացված ռումբերը խոցեցին հայկական ռազմական օբյեկտներն ու զրահատեխնիկան: Ադրբեջանական մարտական ԱԹՍ-ներից մեկը խոցեց հայ կամավորներին տեղափոխող ավտոբուսը (զոհվեց 7 մարդ), մեկ այլ թռչող սարք էլ խոցեց Մարտակերտի զորամասերից մեկի շտաբը:
Այդ ամենին զուգահեռ երկրաչափական պրոգրեսիայով աճում էր նաև ադրբեջանական վնասազերծված ԱԹՍ-ների քանակը: Դրանցից մեկն ընկավ Մարտակերտից քիչ հեռու, մեր աչքի առաջ:

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը Ղարաբաղի Հադրութի շրջանի ուղղությամբ Ադրբեջանն առաջին անգամ «Սմերչ» ռեակտիվ համակարգ կիրառեց: Հրակոծվել էր Իրանի սահմանակից տարածքը, որտեղից Արաքս գետն ու իրանական գյուղական տները կարելի էր տեսնել անզեն աչքով:

Լուսանկարը՝ Վահրամ Բաղդասարյան
Մեր գործընկերներից մի փոքր ուշ հասանք, սակայն ինչպես պարզվեց, մեր լրագրողական բախտն ավելի շատ էր բերել: Արձանագրեցինք, որ չպայթած արկերն ընկել էին ոչ միայն ավտոմայրուղու վրա, այլև հարևան բլրի, որտեղ մեզ առաջարկեց ուղեկցել տեղի բնակիչներից մեկը:

Վերևում ականատես եղանք մի զարմանալի տեսարանի՝ արկերի մասնիկները ցաքուցրիվ ցցվել էին հին ադրբեջանական գերեզմանոցի տարածքում:
«ԽԱՂԱՂ ԿՅԱՆՔԻ» ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԸ
Հակամարտության սրացումից հետո Մարտակերտում նկարահանված կադրեր
Մարտական գործողությունների հետևանքով սահմանամերձ գյուղերի բնակչության մեծամասնությունը զրկվեց կացարանից: Ամենից շատ տուժեց Մարտակերտի շրջանը, մասնավորապես՝ Թալիշ, Մատաղիս գյուղերն ու Մարտակերտ քաղաքը:

Մարտակերտում անընդհատ լսում էինք արկերի պայթյունները: Այցերից մեկի ժամանակ մեր թղթակիցներն ընկան ռմբակոծության տակ (լուսանկարներ/տեսանյութ): Բարեբախտաբար, ոչ ոք չտուժեց:

Ռմբակոծում էին քաղաքը, գյուղերը, կրակում խաղաղ բնակիչների վրա: Ոմանք թաքնվում էին նկուղներում, ոմանք էլ՝ ապաստարաններում: Ռմբակոծվող տարածքներից փորձում էին «թիկունք» տարհանել կանանց և երեխաներին, տղամարդիկ մեծ մասամբ մնում էին տեղում:
Ստեփանակերտի հյուրանոցներում հավաքվել էին կրակոցներից փախած բազմաթիվ մարդիկ

Ոմանք երեխաների հետ ոտքով տասնյակ կիլոմետրեր էին հաղթահարել՝ իրենց հետ ոչինչ չվերցնելով: Կրակոցների տակ հայտնված երեխաներին, կանանց ու տարեցներին տարհանել էին իշխանությունները: Նրանց տեղավորել էին Ստեփանակերտում ու այլ բնակավայրերում, շատերն ապաստան էին գտել բարեկամների տներում, ոմանք՝ Հայաստանում: Ովքեր բարեկամներ չունեին, նրանց տեղավորել էին հյուրանոցներում:

Հենց այնտեղ Sputnik Արմենիայի թղթակիցները հանդիպեցին Ղարաբաղի ամենաերկարակյաց կնոջը՝ 104-ամյա Հայկա տատին, որին թոռն էր շալակած դուրս բերել Թալիշի ռմբակոծությունից:
Ազատագրումից հետո Թալիշ գյուղը սարսափելի տեսք ուներ

Գյուղի սկզբնամասում ոչխարների ու կովերի սատկած հոտն էր: Ռազմական գործողությունների հետևանքով գյուղն ամբողջությամբ ավերվել էր՝ տների 70%-ը, մանկապարտեզը, խանութը, արարողությունների դահլիճը, գյուղական վարչությունը:

Գյուղում ընդամենը մի քանի մարդ կար, որոնք մեզնից մի քիչ շուտ էին եկել: Տները դատարկ էին, ավերված գյուղի ծայրին զինվորականներ էին տեղակայվել: Տնային կենդանիները թափառում էին փողոցներում:
 
 
 
 
Հրետանային ռմբակոծության հետքերն ամենուր էին՝ վնասված տներ, գոմեր, կոտրված ծառեր, բեկորներից տուժած ավտոմեքենաներ…
Տեղի բնակչիչներից մեկի բոլոր ոչխարները սատկել էին: Ամբողջ հոտից ողջ էր մնացել միայն մեկ գառնուկ, որը ծնվել էր գնդակոծության ժամանակ:
 
 
 
 
 
 
 
 
Հանդիպեցինք գյուղի բնակիչներից մեկին՝ 62-ամյա Վասյա Խաչատրյանինն: Եկել էր տեսնելու՝ ինչ վիճակում է գյուղը: Նրա տունն ավերվել էր:
Մարդիկ հապճեպ լքել էին իրենց տները: Այնպիսի տպավորություն էր, թե գյուղն ուրվականի է վերածվել, և բոլոր բնակիչներն անհետացել են մի ակնթարթում:
 
 
 
 
ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԴԵՍԱՆՏԸ
Ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո կամավորական խմբեր մեկնեցին Արցախ ոչ միայն Հայաստանից, այլև այլ երկրներից: Ապրիլի 2-ի երեկոյան Ստեփանակերտի կենտրոնում նրանց թիվը հասավ հազարների: Երիտասարդներին չէին վերցնում. դեռ շուտ էր…

Հայաստանում «Երկրապահ» կամավորական ջոկատի անդամները ստորաբաժանումներ կազմեցին, որոնք ուղղվեցին շփման գիծ: Կամավորներից շատերն Արցախ մեկնեցին սեփական մեքենաներով:

Արցախի իշխանությունները նրանց դիմավորում էին Ստեփանակերտում, հետո տեղաբաշխում շփման գծի ողջ երկայնքով:
Իսկ այդ ընթացքում Հայաստանի մայրաքաղաքում և մյուս քաղաքներում մարդիկ արյուն էին հանձնում վիրավորների համար: Մյուսները զինվորների և կամավորների համար դեղորայք, պարենամթերք ու հագուստ էին հավաքում:
ԶԻՆԱԴԱԴԱՐ
Ապրիլի 5-ի առավոտյան տեղեկացանք, որ կողմերը հակամարտության գոտում երկկողմանի հրադադարի մասին համաձայնագիր են նախապատրաստում: Հետագայում այդ տեղեկությունը հաստատվեց:

Հադրութի ճանապարհին տեղի բնակիչներից մեկին հայտնեցինք այդ լուրն ու հետաքրքրվեցինք՝ ուրա՞խ է հավանական զինադադարի մասին տեղեկությունից: Պատասխանը կտրուկ էր՝ ոչ: Ինչո՞ւ: Որովհետև պատերազմը կարող է ցանկացած օր վերսկսվել, իսկ զինադադարը կարող է լինել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ-ն:
«Ավելի ուշ իմացանք, որ նրա երկու որդիներն էլ այդ պահին առաջնագծում էին, իսկ եղբայրը զոհվել էր դեռ առաջին պատերազմի ժամանակ: Նրա հանդեպ հարգանքը կրկնապատկվեց. արցախցին հասկանում է իր ցանկության գինը...»:
Դավիթ Գալստյան
Sputnik Արմենիայի թղթակից
«Ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, տանկերի թվի մեջ չէ, այլ ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների և ընդհանրապես հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը»:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան
Կողմերին հաջողվեց զինադադարի վերաբերյալ համաձայնության գալ Մոսկվայում:
Առաջնագծի տարբեր հատվածներում հրետանին լռեց, բայց հրազենային կրակոցները չդադարեցին:
ԴՐՈՆԸ ՄԻ ՔԻՉ «ԲԶԶՈՒՄ» ՈՒ ՀԵՌԱՆՈՒՄ Է
Ստեփանակերտ վերադառնալիս՝ մեզ միացած օտարերկրյա լրագրողների վարորդը մթան մեջ շփոթվեց ու գնաց վտանգավոր ճանապարհով, որը ժամեր առաջ էր ռմբակոծվել:

Հետևեցինք նրանց: Թեև ճանապարհն ավերված էր, բայց մեր ավտոմեքենան մեծ արագությամբ էր ընթանում: Ինչ-որ պահի հստակ լսվեց անօդաչու թռչող սարքի ձայնը: Մեր գլխավերևում մի քանի րոպե «բզզալուց» հետո հեռացավ:
ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Քառօրյա պատերազմն ավարտվեց՝ երկու կողմից էլ բազմաթիվ կյանքեր խլելով: Խաղաղությունն այդպես էլ չհաստատվեց, մահը դեռ շարունակում է թևածել առաջնագծում
Արցախի պաշտպանության բանակի «Գրադ» համակարգերը պատասխան կրակ են արձակում Մարտակերտի շրջանում
Նախագծի վրա աշխատեցին
Խմբագիր՝ Արմինե Ալեքսանյան
Լրագրող՝ Դավիթ Գալստյան
Լուսանկարիչ՝ Ասատուր Եսայանց
Էջադրող՝ Արփի Բեգլարյան

© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2017, Sputnik
Made on
Tilda