Ամուսնական պայմանագիր
Բազմաթիվ զարգացած երկրներում լայն տարածում ունի ամուսինների միջև կնքվող ամուսնական պայմանագիրը։ Սակայն այդ պայմանագիրն այդքան էլ տարածված չէ Հայաստանում։ Պատճառներից մեկը այն է, որ շատերը կամ չգիտեն նման պայմանագրի գոյության մասին, կամ չունեն ամբողջական տեղեկություններ այդ պայմանագրի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ:
Ի՞նչ է ամուսնական պայմանագիրը։
Ամուսնությունը ՔԿԱԳ-ում(զագս) գրանցելուց հետո ամուսիններից յուրաքանչյուրի ձեռք բերած գույքը նրանց է պատկանում` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով։ Այսինքն` օրինակ, եթե ամուսինը ձեռք է բերում ավտոմեքենա, անկախ նրանից, թե ում անունով է պետական գրանցում ստանում այն, ամուսիններից յուրաքանչյուրը հանդիսանում է այդ ավտոմեքենայի համասեփականատեր։

Ամուսնական պայմանագիրը թույլ է տալիս ամուսինների գույքային հարաբերություններին այլ կարգավորում տալ։ Օրինակ՝ այդ պայմանագրով հնարավոր է սահմանել, որ ամուսիններն ընդհանուր գույք չունեն։ Այսինքն՝ ամուսիններից յուրաքանչյուրը մյուսի սեփականության նկատմամբ որևէ իրավունք չունի։ Բացի դրանից, ամուսնական պայմանագրով հնարավոր է սահմանել ամուսինների գույքային իրավունքները և պարտավորությունները ամուսնությունը լուծելու դեպքում։
Ինչպե՞ս է կնքվում ամուսնական պայմանագիրը։
Ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր և ենթակա է պարտադիր նոտարական վավերացման։
Ե՞րբ կարող է կնքվել ամուսնական պայմանագիրը։
Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մինչև ՔԿԱԳ-ում ամուսնության գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում։
Ո՞ր գույքի նկատմամբ կարող է կնքվել ամուսնական պայմանագիր։
Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների ողջ գույքի վերաբերյալ, այնպես էլ ցանկացած գույքի առանձին միավորների վերաբերյալ։
Ի՞նչ չի կարող կարգավորել ամուսնական պայմանագիրը։
Ամուսնական պայմանագրով չեն կարող կարգավորել ամուսինների միջև անձնական, ոչ գույքային հարաբերությունները և երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները։

Բացի դրանից, ամուսնական պայմանագիրը չի կարող պարունակել այնպիսի դրույթներ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ վիճակի մեջ:

Դիզայներ՝ Շուշանիկ Սարգսյան Խմբագիր՝ Սառա Գալստյան Աղբյուր՝ iravaban24.am